Ուկրաինայում եւ Սերբիայում ձերբակալվել են ռուսական ծայրահեղական «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության» ակտիվ անդամները՝ Միխայիլ Վոլկովն ու Իլյա Գորյաչեւը: Խմբավորումը մեղադրվում է ռասայական հողի վրա կատարված մի շարք հանցագործություններում, որոնց զոհ են դարձել նաեւ հայերը:
Գորյաչեւի եւ Վոլկովի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել՝ ավազակության, զենք-զինամթերքի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Խմբավորման անդամներին կասկածում են Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Չուվաշովի, փաստաբան Սերգեյ Մարկելովի եւ Իվան Խուտորսկիի, այսպես կոչված հակաֆաշիստական խմբավորումների առաջնորդներ Ֆեոդոր Ֆիլատովի, Իլյա Աբդուլաեւի, քաղաքացիներ Սալահեդին Ազիզովի, Ռասուլ Խալիլովի, Սոսո Խաչիկյանի սպանության, ինչպես նաեւ քաղաքացի Ռամզան Նուրիչուեւի եւ ՆԳՆ աշխատակից Գագիկ Բենիամինյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ:
Գորյաչեւի եւ Վոլկովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը` Մոսկվայի Բասմանյան շրջանային դատարանի միջնորդությամբ: Վճռվում է Սերբիայից Գորյաչեւի եւ Ուկրաինայից Վոլկովի արատահանձնման հարցը:
Դատավոր Էդուարդ Չուվաշովի սպանության մեջ մեղադրվում են Վյաչեսլավ Իսայեւը եւ Մաքսիմ Բակլագինը: Նախկինում գործում երրորդ մասնակիցն էլ էր եղել` Ալեքսեյ Կորշունովը, որը 2011թ. հոկտեմբերի 4-ին վախճանվել էր Զապորոժյեի մարզադաշտում` իր մոտ եղած նռնակի պատահական պայթյունից: Իսայեւը, Բակլագինը եւ Կորշունովը սպանել էին դատավորին, քանի որ վերջինս ազատազրկման էր դատապարտել սպանությունների մեջ մեղադրվող ազգայնականներին:
Չուվաշովի վերջին դատավճիռը եղել էր «Սպիտակ գայլեր» խմբավորման 12 «սքինհեդների» նկատմամբ վճիռը. այդ գործի մասնակիցները դատապարտվել էին 6,5 -23 տարվա ազատազրկման: Չուվաշովը նաեւ կայացրել էր Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեվսկիի գլխավորած ազգայնականների դատավճիռը, որոնք մեղադրվում էին մահափորձերի եւ թշնամություն սերմանելու համար:




























