Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում մայիսի 11-ին տեղի ունեցած ուժգին պայթյունների հետ կապված Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը (TKP) հայտարարություն է տարածել՝ պահանջելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը։
Թուրքիայի կոմունիստական կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ անհնար է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, երբ իշխանությունները կերակրում են նման դեպքերը կազմակերպող խմբավորումներին։
«Այդ պայթյունների աղբյուրը կարող են լինել Սիրիայում Ասադի դեմ մարտնչող զինյալների ստեղծած պայթուցիկ նյութերը։ Դրա ապացույցն էլ ժողովրդի կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն են։
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (AKP) դարձել է Սիրիայում արյունոտ սադրանքների աջակիցը։ Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության մեջ գործիք լինելու վերջը գալիս է։
Պատերազմ հրահրող, մարդկության թշնամի քաղաքականության գլխավոր ճարտարապետ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պետք է անմիջապես հրաժարական տա»,-նշվել է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մայիսի 11-ին, 12։55-ին պայթեցվել են Ռեյհանլըի քաղաքապետարանի եւ փոստի բաժանմունքի մոտ կայանված պայթուցիկներով լի 2 մեքենա։
Պաշտոնապես նշվում է, որ զոհերի թիվը 46 է, վիրավորներինը՝ 100։




























