Երեւանի Ազատության հրապարակից, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12-ին, շուրջ 50 ազատամարտիկներ երթով շարժվել են Կառավարություն՝ վարչապետին հանձնելու իրենց մի քանի էջանոց նամակը: Նրանք պահանջում են պատերազմին մասնակցած ազատամարտիկների կենսաթոշակների հաշվարկման կարգի փոփոխություն կատարել եւ արժանապատիվ կենսաթոշակ նշանակել:

Երթի մասնակիցները, որոնց ուղեկցում էին ոստիկանները, վանկարկում էին «Հայաստան»:

Կառավարության շենքում երթի մասնակիցներից կազմվել է 4 հոգանոց խումբ, որոնց ընդունել են կառավարության դիմում բողոքների ընդունման բաժնում: Այստեղ ասել են, որ դիմումը կուսումնասիրեն եւ կպատասխանեն:

Ազատամարտիկների երթին են միացել «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Երթի մասնակիցների թվում է նաեւ ԵԿՄ նախկին փոխնախագահ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը:

Հիշեցնենք, որ արդեն երեք օր է, ինչ վատ եղանակային պայմաններում ազատամարտիկները նստացույց են սկսել Ազատության հրապարակում: Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ նստացույցը կշարունակվի մինչեւ մայիսի 14-ը եւ կսպասեն վարչապետի պատասխանին:

Նշենք, որ նստացույցն սկսվել է մայիսի 10-ին եւ այս ընթացքում ակցիային միացել են բազմաթիվ ազատամարտիկներ:

Վոլոդյա Ավետիսյանի տարածած հայտարարությանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am