Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 10-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռեբեկա Գրինսպանի (Rebeca Grynspan) հետ, որտեղ կողմերը բարձր ու արդյունավետ են գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ ավելի քան 20-ամյա համագործակցությունը:  

Փոխվարչապետն առանձնահատուկ նշել է ՄԱԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ ու փորձագիտական աջակցությամբ Հայաստանում տարածքների համաչափ զարգացման խնդիրների ուսումնասիրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաեւ տարբեր համայնքներում իրականացվող զարգացման բազմաբնույթ ծրագրերը: Առանձնակի անդրադարձ է կատարվել ԵՄ նախաձեռնած Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրին, որը միտված է տարածաշրջանային համագործակցության խթանմանը եւ հաղորդակցության ուղիների բարելավմանը: 

Փոխվարչապետը հայկական կողմի մտահոգությունն է հայտնել ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային գրասենյակի աշխատանքի ավարտի կապակցությամբ` նկատելով, որ գրասենյակի փոխարինման եւ տեղափոխման առնչությամբ համատեղ նամակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին են դիմել նաեւ հայաստանյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ:

Հաշվի առնելով հայկական կողմի մոտեցումները` Ռեբեկա Գրինսպանը տեղեկացրել է, որ Նյու Յորքում պատրաստ են քննարկել Երեւանի հետ համագործակցության ապագա ձեւաչափին վերաբերվող հարցեր` ընդունելի լուծումներ գտնելու նպատակով:

Նույն օրը երեկոյան փոխվարչապետը մասնակցել է նյույորքաբնակ ազգային բարերար Նազար Նազարյանի մեծարման երեկոյին եւ ներկայացրել ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը: Միջոցառման ընթացքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը բարերարին է հանձնել «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը:

Ա. Գեւորգյանը մասնակցել է նաեւ «Էլիզ կղզու պատվո շքանշան»-ի հանձնման ամենամյա արարողությանը, որի ընթացքում պարգեւատրվել են ԱՄՆ-ի հասարակական կյանքում, ինչպես նաեւ հայ համայնքում եւ հայրենիքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ամերիկահայեր:

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը այսօր` մայիսի 13-ին կմասնակցի Նյու Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թրաֆիքինգի հարցերով բարձր մակարդակի հանդիպման նիստին:  Փոխվարչապետը նիստի ընթացքում հանդես կգա ելույթով: