Հնդկաստանի հիմնական ընդդիմադիր BJP (Bharatiya Janata Party) կուսակցությունը երկրի վարչապետ Մանմոհան Սինգհին կոչ է անում լքել պաշտոնը: Հրաժարականի կոչերը սաստկացել են այն բանից հետո, երբ Մանմոհան Սինգհը իշխող կուսակցության՝ Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ Սոնյա Գանդիի պահանջով աշխատանքից հեռացրել է երկու՝ արդարադատության եւ հաղորդուղիների նախարարներին, գրում է  Bloomberg-ը:

Նախօրեին վարչապետի պաշտոնական նստավայրի մոտ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, ոստիկանությունը ջրցան մեքենաներ էր կիրառել ընդդիմադիրներին ցրելու համար: Առավել ակտիվ ցուցարարները կալանավորվել էին:

Երկու նախարարների  հարկադիր հրաժարականը կոռուպցիոն սկանդալներում ներքաշված  80-ամյա Սինգհի եւ նրա գլխավորած կառավարության հեղինակությանը հասցված վերջին հարվածն էր: Հնդկաստանի  հաղորդուղիների նախարար Փավան Կումար Բանսալը հրաժարական էր տվել, երբ նրա զարմիկ Վիջայ Սինգլան  ձերբակալվել էր մեկին բարձր պաշտոնի նշանակելու համար 160 000 դոլար կաշառք վերցնելիս: Արդարադատության նախարար Աշվանի Կումարի հրաժարականը հետեւել էր Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոյի կողմից ներկայացված ածխարդյունահանման քվոտաների բաշխմանն առնչվող խաբեությունների վերաբերյալ մեղադրանքներին:

Հիշեցնենք, որ 1947թ. երկրի անկախության հռչակումից հետո Հնդկաստանի կառավարության 14-րդ ղեկավար Մանմոհան Սինգհը այդ պաշտոնին էր նշանակվել 2004թ. մայիսի 19-ին, երբ ընտրություններին հաղթած Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ Սոնյա Գանդին հրաժարվել էր կառավարությունը գլխավորելուց: