Այսօր՝ մայիսի 13-ին, Հայաստանի ԱԻՆ է այցելել Բելառուսի Հանրապետության նախագահի պատվիրակության կազմում պաշտոնական այցով Երեւան ժամանած Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն։
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան ընդունել է Հայաստանի ԱԻ նախարար վերանշանակված Արմեն Երիցյանը։
ՀՀ ԱԻ նախարարն իր Բելառուսի գործընկերոջը ներկայացրե է նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, տեխնիկական զինվածությունը, նվաճումները եւ զարգացման հեռանկարները։
Վ. Վաշչենկոն Ա. Երիցյանի ուղեկցությամբ շրջել է նախարարության տարածքում, այցելեց ԱԻՆ համաբուժարան, իսկ այնուհետեւ` ճգնաժամային կառավարման կենտրոն։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ինտերնետի միջոցով ուղիղ կապ հաստատվել է Բելառուսի ԱԻ նախարարության օպերատիվ հերթապահի հետ, որտեղից Վ. Վաշչենկոյին զեկուցեցին Բելառուսի տարածքում գրանցված արտակարգ իրավիճակների վերաբերյալ վերջին տվյալները։
Այցելության շրջանակներում Բելառուսի ԱԻ նախարարը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությանը, որը վարում էր նախարար Ա. Երիցյանը։
Ողջունելով ներկաներին եւ ծանոթանալով ՀՀ ԱԻՆ ղեկավար կազմին` Վ. Վաշչենկոն մասնավորապես ասել է. «Միշտ հաճույքով եմ գալիս Հայաստան եւ ուրախ եմ կրկին հանդիպելու իմ լավ գործընկեր` նախարար Ա. Երիցյանին։ Հիացած եմ իմ տեսածով եւ տեսնում եմ, թե Ա. Երիցյանն ինչ հպարտությամբ է պատմում ԱԻ նախարարության ձեռքբերումներ մասին։ Վստահ եմ, որ որեւէ արտակարգ պատահարի դեպքում այս կառույցն իր բոլոր կարողություններով կանգնած է լինելու ժողովրդի կողքին եւ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն»։
Նախարար Ա. Երիցյանը, շնորհակալություն հայտնելով բելառուս գործընկերոջը, նշել է. «Մենք այստեղ շատ կուռ եւ միասնական թիմ ունենք, ու միասին աշխատելով շարժվում ենք առաջ։ Կարծում եմ, որ մեր նախարարությունների տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ պիտի ավելի հաճախ հանդիպեն ու առավել սերտացնեն համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Հավատացած եմ, որ մեր փոխգործակցությունը շարունակելու է մնալ բարձր մակարդակի վրա»:




























