Քանի մեր երկիրը վտանգված է, ունենք ազգային, պետական խնդիրներ, բնական է, Հանրապետականը պետք է իշխի։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նա կարծիք հայտնեց, թե ՀՀԿ-ն դեռ անելիքներ ունի, եթե մեկ այլ քաղաքական ուժ լիներ, ապա Ղարաբաղը կտար թշնամուն, միայն ՀՅԴ-ն այդպես չէր վարվի, պարզապես նրանք այդքան ուժ եւ մարդկային ռեսուրս չունեն։
Դիտարկմանը, թե հասարակության վրա կրակում են, նա հակադարձեց, թե սովետական տարիներին իրենց վրա էլ էին կրակում։ Պատգամավորի կարծիքով՝ հասարակության մոտ ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու գաղափարը կլինի, եթե Փոքր Մհերը դուրս գա ժայռից։ «Հասարակության խորհրդանիշը Փոքր Մհերն է, որը մեզ մոտ է, բայց դուք չեք տեսնում»,- ասաց նա։
Խմբակցության ղեկավարն ասաց, որ իշխանափոխություն լինում է, երբ հասարակությունը ոտքի է կանգնում, իսկ այժմ քաղաքական ուժերն արհեստական հասարակությանը ոտքի են կանգնեցնում, որ կարողանան ուղղորդել։
Գալուստ Սահակյանը նաեւ կարծիք հայտնեց, թե ընդդիմություն չկա, ընդդիմադիրներից ամեն մեկը մի բան է ասում, չեն կարողանում միասնական հանդես գալ, զրոյացրել են իրենց, ինչի արդյունքը նախագահական, խորհրդարանական, ավագանու ընտրություններն էին: «Մենք ուրախացել ենք, որ Րաֆֆին 37 տոկոս ձայն էր վերցրել, բայց ընդդիմադիր լինելը նշանակո՞ւմ է Ազատության հրապարակում մեծ-մեծ խոսել, ժողովրդին տրամադրել, հետո բողոքել, որ արտագաղթ կա, ներգաղթ չկա։ Եթե ներգաղթ չունենայինք, Րաֆֆին եւ Վարդանը ո՞նց պետք է Հայաստանում լինեին (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Վարդան Օսկանյանին-խմբ)»,- նկատեց նա՝ հավելելով, որ արտագաղթը պետք է ցավով ընդունել, բայց ոչ ցավագին։
Գալուստ Սահակյանը ճիշտ է համարում, որ ««Ժառանգության» առաջնորդը նախեւառաջ գրասենյակներ ձեւավորեր մարզերում, նստեր, խոսեր իշխանությունների հետ, վերահսկման մեխանիզմներ ունենար, բայց անընդհատ երգում էր «Թագավոր լինելուց լավ բան չկա» երգը, որը ցաքուցրիվ արեց ամեն բան»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























