Բելառուսին հետաքրքիր է Հայաստանի փորձը ատոմային էներգետիկայի ոլորտում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 13-ին, Երեւանում կայացած ճեպազրույցի ընթացքում:
«Դուք հավանաբար գիտեք, որ Բելառուսը կառուցում է իր պատմության ընթացքում առաջին ատոմակայանը»,- ասել է նա: Լուկաշենկոյի խոսքով, տեղեկատվության փոխանակումն ու ատոմակայանի անվտանգ շահագործումը, նաեւ նոր մոտեցումները էներգաբլոկների շինարարության գործում մեծ հետաքրքրություն են ներկայացնում: «Ձեզ մոտ նման օբյեկտների շահագործման լուրջ փորձ է կուտակվել, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանը կարող է մեկ տասնյակ լավ մասնագետներ ուղարկել Բելառուս, որ օգնեն կառուցվող ատոմակայանի շահագործման սկզբնական փուլում»,- ասել է Լուկաշենկոն:
Այցի շրջանակներում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում ատոմային անվտանգության եւ ռադիացիոն պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակման համագործակցության վերաբերյալ:




























