Ազգային ժողովի նիստերի դահլիճում, այսօր՝ մայիսի 13-ին, Հայաստանի պետական հիմնի հնչյունների ներքո, տեղի է ունեցել Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի բացման արարողությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 11-րդ պառլամենտի օրակարգը եւ նախագահողներին ներկայացրել է Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտի հայաստանյան ծրագրի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, ով խորհրդարանը համարել է ջրի հիմնախնդիրները վերհանելու եւ համագործակցելու լավագույն հարթակ:

Տասնհինգ երկրներ ներկայացնող երիտասարդներին ողջույնի խոսք է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ընթերցել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Ողջույնի խոսքում նիստը նախագահողներ՝ Ջրի եվրոպական երիտասարդական 10-րդ պառլամենտի նախագահ Մարիա Երմիլովան եւ Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կարապետ Կոգարովը եւս ընդգծել են ջրի կենսական կարեւոր նշանակությունը: Բանախոսները շեշտել են այդ ռեսուրսի արդյունավետ կառավարման եւ դրա մասին իրազեկման անհրաժետությունը՝ համոզմունք հայտնելով, որ հաջողության գրավականը կլինի ջանքերի միավորումը:

Ելույթներին հաջորդել է երդման արարողությունը. 15 երկրների 100 պատվիրակներ իրենց մայրենի լեզվով խոստացել են ջանքեր չխնայել Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտում՝ լուծելու ջրի կառավարման հիմնախնդիրները:

Երիտասարդները այս մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում, ինչպես նաեւ մարզեր եւ Սեւան այցերի ընթացքում կանցկացնեն թեմատիկ քննարկումներ, աշխատաժողովներ, կունենան սեմինարներ, կընտրեն նախագահություն եւ կպատրաստեն հռչակագիր: Մեկշաբաթյա ծրագրում ներառված է նաեւ մշակութային օրակարգ:

Բացման արարողության ավարտին երիտասարդ պառլամենտականները մամուլի ասուլիսում ամփոփեցին տպավորություններն ու նաեւ տեղեկություններ հաղորդեցին առաջիկա անելիքների մասին:

Մայիսի 19-ին 11-րդ Պառլամենտի աշխատանքների փակումը նույնպես տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճում: