Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 5-ին, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 եւ 07/18 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի եւ Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում Դ.Մխիթարյանը, Ս.Սերոբյանը եւ Ղ.Մկրտչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ: Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը:
Մասնավորապես.
1. Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
2. Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել` նույն օրն անցկացվող Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում համապատասխան նշում կատարելու եւ նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
3. Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվառված եւ քվեարկելու իրավունք չունեցող Ս.Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել` չպարզված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու, ինչպես նաեւ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ եւ 203-րդ հոդվածներով` Ղ.Մկրտչյանը եւ Դ.Մխիթարյանը որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Ս.Սերոբյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ եւ 34-153-րդ հոդվածներով:




























