Հայաստանը Հարավային Կովկասում Բելառուսի կարեւոր եւ շատ մտերիմ գործընկերն է: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը համապատասխանում է մեր արտաքին քաղաքական եւ ներտնտեսական երկարաժամկետ գերակայություններին» - ընդգծել է Բելառուսի նախագահը: Ըստ նրա՝ այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունները ամբողջական շրջանակը, արտաքին քաղաքական գերատեսչությունների, խորհրդարանների համագործակցության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ աջակցության մասին առաջարկների լուրջ աշխուժացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Եվ Բելառուսը, եւ Հայաստանը շահագրգռված են բոլոր ուղղություններով հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք համագործակցության համար փակ թեմաներ չունենք՝ սկսած գյուղատնտեսական, վերջացրած ռազմաքաղաքական խնդիրներից»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա կարծիքով՝ ներկա փուլում գլխավոր գերակայությունը տնտեսական կապերի զարգացումն եւ երկկողմանի առեւտրի ընդլայնումն է: «Իհարկե, լավ չէ, որ թեեւ նշանակալի աճին, աճի տեմպերը կազմում են ընդամենը 60 մլն դոլարի ապրանքաշրջանառություն. Սա պարզապես ամոթալի է մեր ժողովուրդների, մեր պետությունների համար: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը եւ հայկական հողում բանակցություններն անպայման նվազագույնը երկու-երեք տարում կհանգեցնեն ապրանքաշրջանառության կրկնապատկման: Գուցեեւ մեր երկրների միջեւ առեւտրի արհեստական խոչընդոտները հաջողվի վերացնել եւ զգալի ավելացնել ապրանքաշրջանառությունը», - նշել է Լուկաշենկոն:
Ըստ նրա` անհրաժեշտ է ակտիվ փոխգործակցության նոր ձեւերի որոնում, ներառյալ արդյունաբերական, ենթակառուցվածքային համատեղ ծրագրերը` ներդրումների ներգրավմամբ եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմամբ: «Բելառուսը պատրաստ է հայ գործընկերներին ամենաբարենպաստ պայմանները տրամադրել կապիտալի ներդրման համար», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, նշելով, որ հեռանկարային են մեքենաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը, էներգախնայողությունը, սննդամթերքի արտադրությունը: «Մենք հույս ունենք համագործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի գործարարների հետ»:
Ըստ Բելառուսի նախագահի` ակտիվ զարգանում է հարաբերությունների հումանիտար բաղադրիչը, որի հաստատումն է Ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման շուրջ համագործակցության համաձայնագրի ստորագրումը: «Մենք բավարարված ենք ձեռք բերված պայմանավորվածություններով, կայացած հանդիպումները ցույց են տվել կառուցողական համագործակցության զարգացման հարցում շահագրգռվածությունը եւ իրական հեռանկարների առկայությունը: Երկխոսության զարգացման խորացման համար հաստատուն հիմք կա` ժողովուրդների փոխադարձ համակրանքը, բարեկամական, վստահելի հարաբերությունները բոլոր մակարդակներում` նախագահներից մինչեւ ժողովուրդներ», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























