Մայիսի 12-ին Հայաստանի հակակարկտային կայանները մոտ 30 հազ. կրակոց են արձակել, որից միայն Արմավիրի մարզում՝ 19 հազար: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Արմավիրի մարզի հակակարկտային կայանների զգալի մասը (65 հատ) տեղակայված է հայ-թուրքական սահմանին, գրեթե փշալարերի երկայնքով, ու դրանք բոլորն աշխատել են: «Միայն Արմավիրում կրակվել է 19 հազ հատ, սա հսկայական թիվ է: Գերհզոր պրոցես էր, եթե չկրակվեր՝ բերքը 100 %-ով կբնաջնջվեր»,- ասաց Ռ. Հովսեփյանը; Սակայն տուժել են այն համայնքները, որոնք այդ կայաններից առնվազն 10 կմ հեռավորության վրա են գտնվել: Մի շարք համայնքներում կան հակակարկտային կայաններ, որոնք նախարարությանը չեն պատկանում, սակայն նույնպես աշխատել են՝ Մրգաշատում, Այգավանում, Ալաշկերտում, Այգեշատում եւ այլուր: Սակայն այդ կայանների արդյունավետությունը, ըստ Ռ. Հովսեփյանի, այնքան էլ բարձր չեն:

Արագածոտնի մարզում տեղակայված է ռադիոլոկացիոն կայանը, իսկ հակակարկտային կայաններ չկան: Սակայն, ըստ Ռ. Հովսեփյանի, որոշ գյուղապետեր չափազանցնում են վնասի չափը:  «Կարբիում վնաս չկա, գյուղապետն իրան ճղում  է, սակայն լուրջ վնաս չկա: Վնաս չկա նաեւ Սաղմոսավանում, Ագարակում, Օհանավանում, Ձորափում»,- ասաց Ռ. Հովսեփյանը: