Քենիայի մայրաքաղաքի Մատարի հոգեբուժարանի հիվանդները կապկպել են պահակներին եւ փախել: Փախուստից առաջ հիվանդները գանգատվել էին բուժհաստատության տնօրինությանը՝ վատ պայմանների համար, հայտնում է The Standard թերթը: Ըստ հիվանդների` բժիշկների տված դեղերն անարդյունավետ են եղել:
Բժիշկները հիվանդներին նոր դեղեր չեն նշանակել: Դրանից հետո հիվանդներն ապստամբել են, հայտնում է RT-ն: Այժմ ոստիկանները եւ բժիշկները փնտրում են հիվանդներին Նայրոբիի հրապարակներում եւ փողոցներում: «Ռոսբալտը» գրում է, որ փախել է 40 մարդ, իսկ իշխանությունները նախազգուշացրել են, որ նրանցից ոմանք ագրեսիվ են:
Մատարիի հիվանդանոցը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ CNN-ի լրագրողները ֆիլմ էին նկարահանել դրա մասին` «Փակվածները եւ մոռացվածները»: Ֆիլմում պատմվում էր հիվանդանոցի լեփ-լեցուն հիվանդասենյակների հիվանդների ծանր կյանքի մասին, հիվանդանոցը չի ապահովվում նույնիսկ ամենաանհրաժեշտ դեղորայքով: Լրագրողներին հաջողվել էր թափանցել հսկվող հիվանդանոցից ներս եւ նկարել, օրինակ, թե ինչպես է հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդը երկար ժամանակ մնում դիակի հետ միեւնույն սենյակում:
Որոշ ակտիվիստներ Մատարիի հիվանդանոցի խնդիրներում մեղադրել են բուժհաստատության գաղութային ժամանակաշրջանի տնօրեններից մեկին` բժիշկ Ջեյմս Կոոբին: Ըստ տեղի ակտիվիստների`Կոոբը միաժամանակ սադիստ էր, նույնասեռական եւ կենդանապիղծ:




























