«Բարեւ Երեւան» դաշինքն այսօր՝ մայիսի 13-ին, կդիմի Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ գրեթե բոլոր ընտրատեղամասերում խախտումներ են եղել: «Դրանք եւ վարչական խախտումներ են եղել, եվ քրեական: Այս ընտրությունները ոչնչով չեն տարբերվել նախորդներից»,-ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ իրենք արձագանքել են 1500 խախտումների, ինչը հիմք է տալիս անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

Անդրադառնալով ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «Ժառանգություն» կուսակցությունն իր մանդատներն ստացել է ՀՀԿ-ի հետ գործարքի արդյունքում, Սանասարյանն ասաց. «Թող Լեւոն Զուրաբյանն ապացույցներ ներկայացնի այդ մեղադրանքների հետ կապված: Միակ ընդդիմադիր ուժը, որն անցել է Երեւանի ավագանի, «Բարեւ Երեւան» դաշինքն է, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վրա է վերցրել ԲՀԿ-ն ընդդիմություն հայտարարելու պարտականությունը»:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am