Սուդանի հեղափոխական ճակատի գրոհայինները սպանել են «Շարժում հանուն հավասարության եւ արդարության» ազդեցիկ ապստամբական խմբավորման երկու առաջնորդներին, որոնք ապրիլին Դոհայում խաղաղության պայմանագիր էին ստորագրել կառավարության հետ:

Սուդանի ազգային հետախուզության ծառայության տվյալներով, ապստամբները մայիսի 12-ին հարձակվել են շարասյան վրա, որով Մուհամեդ Բաշարն ու Արկոի Սուլեյմանը ուղեւորվում էին Չադից Հյուսիսային Դարֆուր: Սպանվել է յոթ մարդ:

Սուդանի ԱԳՆ-ն դատապարտել է այդ հանցագործությունը` այն «նոր ահաբեկչական ակտ» որակելով, որն ուղղված է Դարֆուրում խաղաղ գործընթացի խափանմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դարֆուրում 2003 թվականից չեն դադարում ռազմական գործողությունները կառավարական բանակի եւ բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների միջեւ: