Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նորընտիր նախագահ Գագիկ Բունիաթյանի համար անակնկալ չէր նոր պաշտոնում իր նշանակումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գագիկ Բունիաթյանը: «Ժամանակի մեջ սպասելի անակնկալ էր, բայց եթե երկար ժամանակ վերցնենք, իհարկե, անակնկալ էր: Դիմել էի անդամի համար, իհարկե հույս ունեի, որ երեւի անցած ճանապարհս հաշվի կառնեն, արդեն նիստի ժամանակ պարզվեց, որ այդ ամենը հաշվի են առել, որի համար շնորհակալ եմ անդամներին, որոնց բոլորի հետ էլ երկար տարիներ ծանոթ եմ եղել, աշխատել եմ»,- ասաց նա:
Նա նշեց, որ ՀՌԱՀ անդամ դառնալու մասին սկսել է մտածել լրատվամիջոցներում նմանատիպ տեղեկություններ շրջանառվելուց հետո: «Այն պահից, երբ հայտարարվեց մրցույթը, սկսեցի մտածել եւ մինչեւ վերջին օրը մտածում էի, որոշեցի դիմել: Լրատվամիջոցները դրդեցին մտածել այդ ուղղությամբ»,- նշեց նա:
Թե որն է լինելու Գագիկ Բունիաթյանի առաջին քայլը, նա նշեց, որ հեղափոխական տրամադրություններ չունի, կամաց-կամաց ինչ-որ նոր առաջարկություններ, մտքեր, ծրագրեր կլինեն. «Ենթադրում եմ, որ ինչ-որ օգուտ կբերեմ ոլորտին, քանի որ երկար տարիներ աշխատել եմ, դանդաղ եւ կայուն քայլերով առաջ»,- ասաց ՀՌԱՀ նախագահը:
Նա տեղեկացրեց, որ այժմ քննարկումներ են ընթանում, փորձում է ավելի խորը ծանոթանալ խնդիրներին, հրատապ ինչ-որ խնդիր չկա, որ այս պահին պետք է լուծել:
«Դեռ չեմ շտապում, գործող, աշխատող հիմնարկ է,երեւի ժամանակ է պետք, որ ավելի խորը ուսումնասիրեմ գործառույթները, դրանից հետո նոր առաջարկներով, մոտեցումներով ավելի եռանդով կաշխատենք»,- նշեց Գագիկ Բունիաթյանը:
Հանրային հեռուստաընկերության նախկին տնօրենն ասաց, որ կկարոտի նախկին աշխատավայրը, չէ՞ որ երկուսուկես տարի աշխատել է, «շատ լավ տպավորություններով, շատ լավ հիշողություններով, որտեղ աշխատել եմ, միշտ սիրով եւ կարոտով եմ հիշել»: Իր աշխատանքը Հ1-ում նա չցանկացավ գնահատել, վստահեցնելով, որ փորձել է ամեն ինչ անել, որ նորմալ լինի: Իսկ թե ում է տեսնում իր գործի շարունակող Հանրային հեռուստաընկերությունում, նախկին տնօրենը ձեռնպահ մնաց անուններ նշելուց: Նա ասաց, որ մրցույթ պետք է հայտարարվի, ճիշտ կլինի լավ թիմ լինի, հուսով է` այդպես էլ կլինի, թեկնածուներ կգտնվեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահի հրամանագրով ՀՌԱՀ անդամ նշանակված Գագիկ Բունիաթյանը ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ: ՀՌԱՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, «ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով ս.թ. մայիսի 7-ին ՀՌԱՀ-ի թիվ 9-Ա որոշմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը»:
Նշենք, որ Բունիաթյանը 2010-ից մինչեւ 2013թ. ապրիլի 25-ը զբաղեցրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:




























