Հայտնաբերվել է ապրիլի 23-ին ժամը 12.30-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 9 հասցեի բակում 74-ամյա Ժ. Ղ.-ին դանակահարած երիտասարդը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից: Պարզվել է, որ տարեց տղամարդուն դանակահարողը 22-ամյա Նարեկ Խաչատրյանն է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքաից չբացակայելու մասին:

Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ-ի 113-րդ 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ժամը 12.30-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 9 հասցեի բակում անչափահաս տղան դանակահարել է 74-ամյա Ժ. Ղ.-ին: Տուժածի որդին` Աղասը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ Հալաբյան 9 հասցեի շենքի բակում տարեցներով նստած նարդի էին խաղում, զրուցում, հարեւանությամբ երիտասարդների կռվի ձայն է լսվում, աղմուկ, հայհոյանքներ: «Ծեր պապիկները մտածում են, թե երիտասարդները լեզու չեն գտնում, իրար միս են ուտում: Կարճ ժամանակ անց իրենց կողմ է գալիս մի երիտասարդ` քարը ձեռքին, որն ամենակեղտոտ, անբարոյական խոսքերը գոռալով հետապնդում է մեկ այլ երիտասարդի: Հայրս ասում է. «Տղա ջան, բերանդ փակի, թող գնա, այդպիսի բաներ չեն ասում»: Իսկ այդ երիտասարդն ասում է. «Ձենդ կտրի, այ բիձա, քեզ չի վերաբերում»: Շարունակում է ոմն մեկին քարով հետապնդել, հայրս նորից է ասում, թե. «Տղա ջան, ես քեզ ասում եմ ձայնդ կտրի, այդպիսի բաներ չեն ասում, դու ինձ ես վիրավորում», դա էլ, թե. «Այ բիձա, ձենդ կտրի, թե չէ կգամ գլուխդ կջարդեմ»: Հայրս ամբողջ կյանքը թշնամի չունեցող մարդ է, տենց լկտիություն, բեսպրեդելություն չի հանդուրժի, հին երեւանցի է, իր ճշտով ապրել է, բոլորին հարգող, սիրող, հասնող թոշակառու է: Տեսնելով էդ բեսպրեդելը` մոտենում է, ասում է. «Պապուդ տարիքին եմ, թուլա, ես քեզ ասեմ` բերանդ փակի, տենց բաներ մի ասա, հանգստացի, թող գնա ստեղից, դու ինձ սենց բաներ ես ասո՞ւմ», էդ վիժվածքը ասում է. «Արի գողականով խոսենք, աչքիս էսօր վերջդ եկել է»: Հայրս փորձում է դրան կարգի հրավիրել, այնինչ նա արդեն դանակով հարվածած է լինում հորս»,- ասել է նա:

Երիտասարդը դանակահարել էր ծեր թոշակառուին` հարվածներ հասցնելով  սրտի շրջանում թիկունքից եւ վնասելով մկանային երակները: Դեպքի վայրից Ժ. Ղ.-ին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, վիրահատել, օրերս դուրս է գրվել հիվանդանոցից: Տարածքի մարդիկ չեն ճանաչում այդ երիտասարդին, նրան  նկարագրել են 15-16 տարեկան միջնահասակ, նիհարակազմ, շեկ մազերով երիտասարդ: Իսկ այն երեխաները, որոնց հետ նա կռիվ էր անում, եւս ասել են, թե չեն ճանաչում վերջինիս: