Այսօր՝ մայիսի 13-ին, Հայաստանի վարչական դատարան է ներկայացվել ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցադիմումը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին, որով մերժվել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Բարեւ Երեւան» դաշինքի պահանջը:
«Մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրվել է նշյալ որոշումը վերացնել եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:
Վարչական դատարան է ներկայացվել նաեւ Երեւանի թիվ 13 ընտրատարածքի տեղամասերում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ պատկերացում տալու համար, թե ինչ ծավալի եւ կարեւորության խախտումներ պետք է քննարկվեր ԿԸՀ-ում: Նման աղյուսակներ առկա են 12 ընտրատարածքների վերաբերյալ, որոնք նույնպես հաջորդաբար կտարածվեն լրատվամիջոցներին:
Ոստիկանությանը հետաքրքրող ընտրախախտումների վերաբերյալ աղյուսակում նշված աղբյուրների պատճենները պատրաստ ենք տրամադրել:
Կից ներկայացնոմ ենք հայցադիմումը եւ թիվ 13 ԸԸՀ ընտրախախտումների աղյուսակը»,-ասված է «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:




























