Ուկրաինայի մայրաքաղաքի Սվյատոշինսկի շուկայի տարածքում շաուրմայի եւ գրիլ հավի վաճառակետի պայթյունից 5 տարի անց Ուկրաինայի դատարանը պատժել է տեղի ունեցածի մեղավորին: Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել էր երկու, վիրավորվել՝ 17 մարդ:
Այդ վաճառակետի հայ սեփականատերը պայմանական պատժի է արժանացել, հաղորդում է «Նովի ռեգիոնը»:
Պայթյունը որոտացել էր 2008-ի մայիսի 9-ին, «Ռոզդոլ» շուկայի տարածքում: Վաճառակետի մոտ գտնվողն երկու քաղաքացիները ստացած այրվածքներից մահացել էին հիվանդանոցում:
Փորձագետների եզրակացությամբ՝ հրդեհը բռնկվել էր անվտանգության տեխնիկայի կանոները չպահպանելու հետեւանքով: Դատաքննության ժամանակ վաճառակետի սեփականատերն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Նա մինչ այդ տուժածներին փոխհատուցել էր նյութական եւ բարոյական վնասը:




























