Հայաստանը Լիոնում գլխավոր հյուպատոսություն կհիմնի; ՀՀ կառավարության մայիսի 16-ի նիստի օրակարգ է մտել այդ մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալու հարցը:

Հյուպատոսական շրջանում կընդգրկվեն Ռոն-Ալպ, Օվեռնյը, Լիմուզեն, Պուատու-Շառանտ եւ Աքիտեն շրջանները:

Ֆրանսիայի հայ համայնքը` շուրջ 500 հազ. բնակչությամբ, հանդիսանում է աշխարհում ամենաստվար հայ համայնքներից մեկը: Այն կենտրոնացած է հիմնականում Փարիզ-Լիոն-Մարսել քաղաքներում:

Ռոն-Ալպ (Հռենոս-Ալպ) շրջանում եւ նրա վարչական կենտրոն Լիոնում, որը հանդիսանում է Ֆրանսիայի 3-րդ քաղաքը Մարսելից հետո, ինչպես նաեւ շրջանի  այլ քաղաքներում (Վալանս Վիլյորբան, Վենիսիո, Դեսին, Մեզիո եւ այլն) հայերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով հասնում է 100 հազարի:

Լավ կազմակերպված համայնքի ջանքերով Լիոնում գործում են հայ առաքելական, կաթոլիկ եւ ավետարանչական եկեղեցիներ: Շրջանում գործում են «Radio Arménie» (Լիոն) եւ «Radio A» (Վալանս) ռադիոկայանները, Լիոնում  ֆրանսերենով տպագրվում է «Ֆրանս-Արմենի» ամսագիրը, որը Ֆրանսիայում երկրորդ խոշոր համայնքային պարբերականն է «Նուվել դ’Արմենի»-ից հետո: