Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման անդամներն ազատ են արձակել մնացած երեք թուրք ինժեներներին, որոնց գերության մեջ էին պահում ավելի քան երեք շաբաթ: Նրանց խոսքով՝ դա արվել է որպես «Մահմեդական եղբայրների» նկատմամբ «բարի կամքի դրսեւորում»: Մնացած օտարերկրացի գերիները,  այդ թվում ռուս օդաչուն,. Շարունակում են գերության մեջ մնալ:

Թալիբները սպասում են, որ Թուրքիան դեռ շանս կունենա «բարությանը բարությամբ պատասխանելու», հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թուրք ութ ինժեներներից չորսը, որոնք ռուսաստանցու եւ Ղրղըզստանի քաղաքացու հետ առեւանգվել էին ապրիլին աֆղան գրոհայինների կողմից, ազատ են արձակվել: Այդ մասին մայիսի 12-ին հայտարարել էր Թուրքիայի  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մյուս պատանդների ճակատագրի մասին նա ոչինչ չէր ասել:

Վարչապետը նշել է, թե ազատումը հնարավոր է դարձել շնորհիվ թուրքական հետախուզության, եւ հույս է հայտնել, որ մյուս չորսին էլ կազատեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Աֆղանստանում արտակարգ վայէջք էր կատարել Թուրքիային պատկանող ռազմական ուղղաթիռը: Նրա անձնակազմին ու ուղեւորներին պատանդ էին վերցրել թալիբները:

Լոհար նահանգի փոխնահանգապետ Մուհամեդ Հաշիմ Ֆայիզին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել էր, որ «եղանակային պայմանների թելադրանքով» ուղղաթիռը վայրէջք է կատարել Ազրա թաղամասում: Նախնական տվյալներով` պատանդ վերցված ութ թուրքերին, աֆղանցուն եւ ռուսաստանցուն զինյալները տեղափոխել էին թալիբների հսկողության ներքո գտնվող Դարա-է Թանգ կիրճը: