Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թ. հունվարի 1-ից Ալավերդի քաղաքից այլեւս չի պահանջի մարել 2002 թ. տրամադրված 70 մլն դրամ վարկը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 16-ի նիստի օրակարգում:

Վարկը 2002 թ. տրամադրվել է 25 տարի ժամկետով ՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի N 1/3 բնակելի շենքի ամրացման աշխատանքների համար: Սահմանվել է տարեկան 1% տոկոսադրույք: Բացի այդ՝ սկսած 2013 թ. վարկի մնացորդի վրա ավելանում է սղաճի գործակից, ինչի արդյունքում պարտավորությունն աճել է մինչեւ 100 մլն դրամ:

Չեղյալ հայտարարելով պարտավորությունը՝ կառավարությունը Ալավերդի քաղաքին հնարավորություն կտա գումարներն օգտագործել այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու համար: