Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն, այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է Բելառուսի արդյունաբերության նախարար Դմիտրի Կատերինիչին, ով Երեւան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության կազմում:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել եւ խորացնել, բարձրացնել ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը, քննարկել տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Վահրամ Ավանեսյանի խոսքով, Հայաստանը հետաքրքրված է հատկապես այն ծրագրերով, որոնք առնչվում են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության եւ տնտեսության այլ ոլորտներում բելառուսական տեխնիկայի հավաքման կազմակերպման եւ ներկրման հնարավորություններին:
Հանդիպմանը հյուրերին է ներկայացվել Հայաստանի արտահանմանն ուղված ռազմավարությունը, մասնավորապես այն ոլորտները, որոնք արտահանման տեսանկյունից հեռանկարային են համարվում Հայաստանի համար, եւ քննարկվել են հայ-բելառուսական փոխգործակցության հնարավորությունները այդ ոլորտներում:
Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Դմիտրի Կատերինիչը շնորհավորել է Վահրամ Ավանեսյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել բեղմնավոր աշխատանք, հաջողություն այդ պատասխանատու պաշտոնում:
Անդրադառնալով հայ-բելառուսական տնտեսական հարաբերություններին, Դմիտրի Կատերինիչն ասել է, որ հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջխաղացում ապահովելու համար բոլոր նախապայմանները կան եւ հավելել, որ առաջիկայում կայանալիք հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը եւս կնպաստի այդ գործընթացին:
Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարը հեռանկարային է համարել հայ-բելառուսական փոխգործակցությունը հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում, բելառուսական տեխնիկայի մատակարարման, ինչպես նաեւ մեքենաշինության եւ գործիքաշինության ոլորտներում:




























