Հայաստանը մեծ հնարավորություններ ունի զբոսաշրջության ոլորտում, սակայն ավիացիայի ոլորտում բարձր գնային քաղաքականություն է վարվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, հաղորդում է Lragir.am-ը:
Նրա խոսքով, «Արմավիան» հիմա չկա, եւ Հայաստանը պետք է բացի իր երկինքը եւ բոլոր ավիաընկերություններին հնարավորություն տա այստեղ գալու: «Ավիաուղիների գները պետք է իջեցվեն, իսկ որակը՝ բարձրացվի: Դա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի համար»,- ընդգծել է Հեֆերնը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են ամերիկյան ներդրումներ Հայաստանի մարզերում՝ զարգացնելու զբոսաշրջությունը:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ համաձայնագրին, Հեֆերնը հույս է հայտնել, որ այդ համաձայնագիրը հաջողությամբ կիրականացվի:



























