Աֆղանստանում սպանված գրոհայինների դիակներին միզած ամերիկյան  ծովային հետեւակների հրամանատարը հանձնվելու է տրիբունալին: Այդ մասին հայտնել է Ծովային հետեւակների  կորպուսի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի Ծովային հետեւակների  կորպուսի սպա, կապիտան Ջեյմս Կլեմենտը մեղադրվում է զինվորական պարտքը խախտելու, սպայի կոչմանն անհարիր պահվածքի եւ իր պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս գործի նախնական լսումները տեղի են ունեցել ապրիլին` Քեմփ Լեժեն ամերիկյան կայանում:

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին Հիլմենդ նահանգում ամերիկացի հինգ զինծառայողներ անարգել էին թալիբների դիակները: Տեսագրությունը, որտեղ երեւում էր, թե ինչպես են նրանք միզում սպանված թալիբների դիակների վրա, անցյալ տարվա հունվարին հայտնվել էր համացանցում եւ համընդհանուր զայրույթ առաջացրել: 

Ռազմական տրիբունալը մեղավոր էր ճանաչել երկու զինծառայողի: Երեք այլ զինծառայողներ նկատողություն էին ստացել: