Ամերիկյան Վերմոնտ նահանգը թույլատրել է էվթանազիան՝ դառնալով չորրորդ նահանգը, որտեղ թույլատրելի են մահաբեր դեղամիջոցները:
Ներկայացուցիչների պալատն օրինագիծն ընդունել է ձայների 75 կողմ, 65 դեմ հարաբերակցությամբ: Օրենքը վեց ամսից ոչ ավելի կյանք ունեցող հիվանդներին թույլ է տալիս մահաբեր դեղամիջոց ստանալու խնդրանքով բժշկին դիմել:
Նոր օրենքը մի շարք դրույթներ ունի, որոնք, ինչպես ակնկալում են օրենսդիրները, թույլ կտան խուսափել չարաշահումներից: Օրինակ՝ մահաբեր դեղամիջոցը ստանալու համար երկու համապատասխան բժիշկների եւ հոգեբույժի կարծիք է հարկավոր, իսկ դեղատոմսը նշանակելուց հետո վաճառքը պետք է կատարվի 17 օր անց, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
1997թ. Օրեգոնը դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ թույլատրվեց էվթանազիան, նրան հետեւեց Վաշինգտոնը 2006թ.: Այնուհետ Մոնտանա նահանգը հայտարարեց այն օրինականացնելու մասին՝ դատական համապատասխան որոշումից հետո:




























