Լոռիի մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, որն անցնում է Դեբեդ գետի երկայնքով, լուրջ վտանգ է ներկայացնում ճանապարհով երթեւեկող վարորդների համար, հատկապես նրանց, ովքեր ծանոթ չեն ճանապարհին: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, նշված ճանապարհահատվածում մեծամասամբ բացակայում են ճանապարհների երկաթբետոնե արգելապատնեշները, ինչի պատճառով վթարի ենթարկված մեքենաները հայտնվում են Դեբեդ գետում: Վերջին դեպքը գրանցվեց օրեր առաջ, երբ «ԳԱԶ-24» մակնիշի մեքենան կրկին հայտնվեց գետում, վարորդն ու ուղեւորը միայն հրաշքով ողջ մնացին եւ կարողացան ինքնուրույն դուրս գալ գետից: Գետը այնքան վարար էր եղել, որ մեքենան մոտ 100 մետր քշել տարել էր: Նույն այդ վայրում դեռ մեկ տարի առաջ կրկին մեքենա էր գետն ընկել, այն ժամանակ մեքենայում գտնվող 4 ուղեւորները զոհվել էին, նրանցից երկուսին փրկարարները հայտնաբերել էին նույն օրը, մյուս երկուսին՝ օրեր անց, դեպքի վայրից 5-10 կմ հեռավորության վրա:
Այդուհանդերձ, պատկան մարմինները դանդաղում եմ ճանապարհին երկաթբետոնե արգելապատնեշներ տեղադրել:
Ճանապարհով երթեւեկող վարորդները տեսնելով, որ նկարահանում ենք, արդարացիորեն դժգոհել են, որ ամեն մի վթարի համար որքան մեղավոր են վարորդները, այնքան էլ՝ պատկան մարմինները, որոնց պատճառով մեքենաները հայտնվում են գետում՝ այլ ոչ բախվում արգելապատնեշին:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























