Աֆղանստանում մայիսի 13-ին ահաբեկիչների հարձակման հետեւանքով անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմից վրացի երեք զինծառայող է զոհվել, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Նրա խոսքով՝ հինգ ահաբեկիչներ ներխուժել են Հիլմենդ նահանգի «Շիրգազ» կայան: Վրացի զինծառայողները պատասխան հարված են հասցրել եւ տեղում ոչնչացրել բոլոր ահաբեկիչներին: «Հարձակման հետեւանքով վրացի երեք զինծառայող է զոհվել՝ կապրալ Ալեքսանդր Կվիցինաձեն, կրտսեր սերժանտ Զվայիդ Դավիթաձենեւ կապրալ Վլադիմիր Շանավան, կան վիրավորներ», - Ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ալասանիան: Նա ամբողջ գերատեսչության անունից ցավակցել է զոհվածների հարազատներին, գրում է «Նովոստի-Գռուզիան»:
Վրացական անձնակազմը ISAF-ի կազմում Աֆղանստանում խաղաղարարական գործառույթ է իրականացնում 2009թ. օգոստոսից: Այդ ժամանակից ի վեր վրացի 19 զինծառայող է զոհվել: Պաշտպանական գերատեսչության տվյալով՝ Աֆղանստանում ծառայություն են անցնում վրացի 1545 զինծառայողներ:




























