Վրացի քաղաքական գործիչ, «ԵՄ-վրացա-աբխազա-օսական միջազգային շարժում հանուն խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման» կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Նեստան Կիրտաձեն մտադիր է առաջադրվել այս տարվա հոկտեմբերին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններին, որպես անկախ թեկնածու:
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան հայտարարել էր նախագահի իր թեկնածուին: Նա կրթության նախարար Գերոգի Մարգվելաշվիլին է: Լեյբորիստական կուսակցությունը նախագահի պաշտոնում կառաջադրի իր առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին:
Մամուլի ասուլիսում Նեստան Կիրտաձեն հայտարարել է, որ իր առաջադրվելու որոշում կայացնելուն նպաստել է իշխող կոալիցիայի կողմից Մարգվելաշվիլիի թեկնածության առաջադրումը: Կիրտաձեն հայտարարել է, որ չի պաշտպանում իշխող ուժի թեկնածուին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Վրաստանում նախագահական հերթական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին: Վրաստանում սահմանադրական փոփոխությունների համաձայն, նոր նախագահի ընտրությունից հետո, իշխանությունը երկում փաստացի կանցնի խորհրդարանի եւ կառավարության ձեռքը:




























