Թուրքիան պատրաստ չէ Սիրիայի դեմ պատերազմի, կարծում է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը:
Ըստ նրա՝ թուրք առաջնորդների ռազմաշունչ հայտարարությունները սիրիական զինված ընդդիմության մարտական ոգին բարձրացնելու նպատակին են ծառայում:
«Չեմ կարծում, թե Թուրքիան ի վիճակի է պատերազմելու, այնտեղ ներքին պատերազմը շարունակվում է արդեն 30 տարի: Երկրի ներսում հնարավոր են նաեւ այլ պատերազմներ՝ կապված Թուրքիայում սոցիալական եւ միջկրոնական պառակտման հետ: Պատերազմի մասին խոսակցությունները հարկավոր են սիրիական զինված ընդդիմության մարտական ոգին բարձրացնելու համար, որոնց թուրքերը չեն կարող տալ նախկինում խոստացածը»,- «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտնել է Ջամիլը՝ հավելելով, որ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը թուրքերին թույլ չի տա քաղաքական լուրջ քայլերի դիմել:
Ջամիլի կարծիքով՝ թուրքական Ռեյհանլի քաղաքի ահաբեկչությունները ձեռնտու են հենց Թուրքիայի ներսում քրդական հարցի լուծմամբ չշահագրգռված ուժերին: Ըստ նրա՝ դրանք «խիստ աջ» ուժեր են, լավ ծանոթ են բազմազգ եւ բազմակրոն Հաթայ նահանգի իրավիճակին, որտեղ բնակվում են քրդեր, արաբներ, թուրքեր, սունիներ, ալավիներ, եւ ցանկանում են «ճզմել» նրանց:
Ջամիլը նաեւ չի բացառում, որ ահաբեկչությունների հետ կապ կարող են ունենալ տարածաշրջանային եւ արեւմտյան մի քանի գերտերությունների հատուկ ծառայությունները:




























