ՀՀՇ-ն վերածնվում է: Այս մասին հաղորդագրություն են տարածել ՀՀՇ կուսակցության վերագրանցման նախաձեռնողները` Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը եւ Կարապետ Ռուբինյանը: Նրանք բոլորն էլ ՀՀՇ նախկին անդամներ են:

Այսօր տեղի կունենա նրանց ասուլիսը:

Հիշեցնենք, որ ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել առաջարկված որոշմանը, ըստ որի ՀՀՇ-ն միանում է  ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: Կուսակցության որոշման նախագծի մեջ նշված է, որ այն շարունակում է  մնալ Հայոց Համազգային շարժման ամբողջ պատմական ժառանգության տերը, պատասխանատուն եւ ժառանգորդը: Նշվում է, որ վերակազմավորումն իրականացվում է ՀԱԿ ստեղծման նախաձեռնող խմբի ՀՀՇ համագումարին ուղղված առաջարկությունների հիման վրա:

Քվեարկությանը մասնակցած պատվիրակներից որոշմանը կողմ են քվեարկել 375-ը, դեմ` 6-ը, ձեռնպահ 3 պատվիրակ:  Դեմ քվեարկածների մեջ էր նաեւ Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ով ավելի վաղ ելույթ էր ունեցել, եւ ներկայացրել իր դիտողությունները: