Երեւանում, մայիսի 15-ին, կանցկացվի կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. ներկա կլինեն նաեւ փորձագետներ՝ Հայաստանից ու Գերմանիայից:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1998-ին եւ ուժի մեջ մտել 1999-ին: Այն ընդունման պահին բավականին առաջադիմական էր, քանի որ դրանում առաջին անգամ ամրագրվեցին արդարադատության իրականացման ժողովրդավարական հիմնական սկզբունքները, անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովող երաշխիքները։
Սակայն իր դրական հատկանիշներով հանդերձ օրենսգիրքը զերծ չէր թերություններից, որոնց մի մասը առկա էին օրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան գործնական կիրառման ընթացքում:
Մասնավորապես ընդունման պահից օրենսգրքում նախատեսված են մի շարք ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ամբողջ ընթացքում կամ չստացան իրական պրակտիկ կիրառում (օրինակ՝ արագացված դատաքննություն), կամ չապացուցեցին իրենց արդյունավետությունը (դատական ծանուցումներ եւ դատական ծախսեր):
Օրենսգրքի ավելի քան 15 տարվա գործածության ընթացքում դրանում կատարվեցին բազմաթիվ փոփոխություններ ու լրացումներ, որոնք կիրառման ընթացքում ունեցան ոչ միայն դրական, այլեւ բացասական դրսեւորումներ։ ՀՀ կատարվող դատաիրավական բարեփոխումները անընդհատ փոփոխությունների անհրաժեշտություն էր առաջացնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Չժխտելով փոփոխությունների մի ստվար մասի ողջամիտ եւ առաջադիմական բնույթը՝ այդուհանդերձ, դրանց մեծ մասը կատարվեց առանց հայեցակարգային մշակման եւ գիտական հիմնավորման։ Բացի այդ, փոփոխություններն ու լրացումները համալիր չէին, առավելապես կրում էին դրվագային բնույթ, հաճախ համաձայնեցված չէին իրավական այլ ակտերի, ինստիտուտների եւ նորմերի հետ։
Վերը նշված փոփոխությունները կատարվում էին առանց իրավակիրառողի եւ փաստաբանական համակարգի հետ լուրջ վերապատրաստումների իրականացման, ինչը հանգեցնում էր իրավակիրառ պրակտիկայի խաթարման:
Խնդիրների ամբողջությունը, ինչպես նաեւ հասարակական հարաբերությունների մշտական զարգացումը հանգեցրել են ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքում հիմնարար փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը:
Նախագիծը մշակվել է ԵԽ-ի աջակցությամբ, աշխատանքային խմբում ընդգրկված են եղել ինչպես դատավորներ, այնպես էլ տեսաբան իրավաբանններ:




























