Այսօրվա դրությամբ, 12–ամսյա գնաճը 4.4% է, այսինքն վերին սահմանի վրա ենք և եթե այս պյմանները շարունակվեն, մենք այն կհատենք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Այդ պարագայում Կենտրոնական բանկը գնալու է ավելի կոշտ քայլերի՝ տոկոսադրույքների բարձրացման առումով։ Այսօրվա դրությամբ Կենտրոնական բանկը դոլարը քաշում է տնտեսությունից, բայց եթե փողի խոսքը շարունակվի, ԿԲ–ն թողելու է, որ փոխարժեքը ավելի շատ արժևորվի։ Ասենք, թողնելու է, որ դոլարի փոխարժեքը 360-ից նույնիսկ իջնի 300–ի։
Ակնհայտ է, որ Կենտրոնական բանկը նմանատիպ դրամական շոկերի ժամանակ նախապատվությունը տալու է գնաճին։ Նման դեպքում կառավարությունը չպետք է մենակ թողնի ԿԲ–ին, որովհետեւ, եթե ԿԲ–ին մենակ թողնի, ԿԲ–ն անելու է այն, ինչ որ պետք է անի, այսինքն թույլ է տալու, որ դրամի փոխարժեքը արժևորվի, որովհետև փոխարժեքը իր նպատակը չի։ Իսկ դրա արդյունքում մենք ունենում ենք ողնաշարը կոտրած տնտեսական համակարգ։ Իսկ տնտեսության ողնաշարը արտահանելի հատվածն է։
Այսօր վարկային պորտֆելի 80 տոկոսից ավելին ոչ արտահանելի հատվածն է՝ շինարարություն, առևտուր, ծառայություններ։ Այսինքն քո արտահանելի հատվածը չի օգտվում վարկային պորտֆելից և իր հետ գումար չի բերելու։
Եթե փոխարժեքը էլի արժևորվի, դրան էլ գումարվեն ռուսական սանկցիաները, քո արտահանելի հատվածը ընդհանրապես վերանալու է։ Դա վերականգնելը հեշտ չի լինելու։
Այս տարվա հունվար-հուլիսին 7%-ից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենա, բայց երբ բացվածքը նայում ենք, տեսնում ենք, որ մշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը շատ համեստ աճ ունեն, իսկ արդյունաբերության 9.5 տոկոս աճն էլ պայմանավորված է պղնձի գների աճով։ Փոխարենը բնակարանային շինարարությունը 25 տոկոս աճ է գրանցել, սպառումը, սպասարկման ոլորտները, ծառայությունները 10%ից ավել աճեր ունեն, և սա արդեն խնդրահարույց է: Այսինքն, որ պահին այդ աճին նպաստող գործոնները, եկող փողերը կանգնեցին, մենք ունենալու ենք պրոբլեմներ»,–ասաց նա։
Վարդան Արամյանի խոսքով, այսօր Հայաստանում ռեստորանում սնվելն ավելի թանկ է, քան եվրոպական քաղաքներում, որովհետեւ, օրինակ, ռուսների մուտքը Եվրոպա փակ է, նրանց համար ամենամոտ երկրները, որտեղ կարելի է համեղ սնվել, Հայաստանն ու Վրաստանն են, դրա համար էլ գալիս են այստեղ ու գներն աճում են. «Այսօր 4.4 տոկոս գնաճի մեջ 8%-ից ավելին պարենային ապրանքներն ենք և ոչ ոգելից խմիչքներն են։ Սա կախված է արտաքին գործոնների հետ, բայց նաև աճում են ռեստորանային հանգստի գները»։ Խոսելով դրամի փոխարժեքի մասին, նախկին նախարարը նկատեց, որ այն գերարժևորված է. «Ես միշտ ծանրամարտիկի օրինակն եմ բերում։ Ծանրամարտիկը պատկերացրեք բարձրացնում է 50 կգ, հետո բարձրացնում է 60 կգ, բայց իր մկանային տիրույթը, որը տնտեսագիտական լեզվով արտադրողականությունն է, մեր արտադրողականությունը թույլ է տալիս ընդամենը 50 կգ բարձրացնել։ Այն 60, 70, 80 կգ-ները, որ նա անընդհատ բարձրացնում է և նոր ռեկորդ է խփում, դա ուղղակի հարևանները, ընկերները, բարեկամները գալիս են, իրեն օգնում են կողքից։ Երբ հարևան բարեկամները ամեն մեկը գնա իր գործին, ծանրաձողն ընկնելու է այդ ծանրամարտիկի պարանոցին։
Դրա համար ես խորհուրդ կտայի ոչ թե սպասել, թե երբ է ընկնելու մեր սպարանոցին, այլ հիմիկվանից մեր մարզիկին ամեն անգամ ուժեղացնել, որպեսզի նա մարզվի և, ասենք, 50-ը դարձնի 52, 56, 57, որպեսզի վաղը մյուս օրը, երբ որ մարդիկ չքանան, մեր պոտենցիալը մեծ լինի։
Այս պարագայում կառավարությունը անպայման պետք է միջամտի, պետք է օգնի Կենտրոնական բանկի, որ հետ քաշի տնտեսությունից այդ հոսքերը՝ հարկման քաղաքականության միջոցով։ Այսինքն հարկի ծաղկունք ապրող ճյուղերը։ Կառավարությունը չպետք է նոր ընթացիկ պարտավորություններ ստանձնի, բայց մենք ունենք տարբեր տեսակի ստանձնած ընթացիկ պարտավորություններ՝ առողջապահության ապահովագրություն, թոշակների բարձրացնում, հիմա էլ նոր նախագիծ են մտցրել, որ պետք է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնեն»։





























