Տվյալների մշակման կենտրոնները ոչ միայն ապահովում են ցածրորակ բովանդակության հեղեղի աշխատանքը, որով նեյրոցանցերը լցնում են համացանցը, այլև արտադրում են բավականին զգալի նյութական թափոններ։

Բացի մթնոլորտ վնասակար արտանետումներից և վտանգավոր բակտերիաներ պարունակող կեղտաջրերի պարբերական արտահոսքերից՝ տվյալների մշակման կենտրոնները դառնում են այսպես կոչված «հավերժական քիմիկատների»՝ բնական ճանապարհով գրեթե չքայքայվող արհեստական նյութերի ավելի ու ավելի մեծ ծավալների աղբյուր։

Ինչպես հայտնել է The Guardian պարբերականը, նման նյութերի՝ պոլիֆտորալկիլային և պերֆտորալկիլային միացությունների (PFAS) աշխարհի գրեթե բոլոր տասը խոշորագույն արտադրողները նախատեսում են մեծացնել արտադրության ծավալները՝ տվյալների մշակման կենտրոնների արդյունաբերության սրընթաց աճի ֆոնին։

Պատճառն ակնհայտ է․ PFAS-ը լայնորեն օգտագործվում են տվյալների մշակման կենտրոնների կառուցման և շահագործման ընթացքում, հաղորդում է Naked Science-ը։ Այս միացությունները կիրառվում են հովացման համակարգերում, արհեստական բանականության չիպերի և տպագիր պլատաների արտադրության մեջ, հրդեհաշիջման համակարգերում, ինչպես նաև սարքավորումների տարբեր բաղադրիչները միացնող հազարավոր կիլոմետրեր մալուխների պատման համար։

Թեև PFAS պարունակող նյութերը կիրառվում են արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում, դրանց օգտագործումը տվյալների մշակման կենտրոններում առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում։ Նման օբյեկտներն աշխատում են գրեթե շուրջօրյա՝ բացառությամբ տեխնիկական սպասարկման կարճատև ժամանակահատվածների, ուստի սարքավորումները ենթարկվում են ինտենսիվ շահագործման և համեմատաբար արագ շարքից դուրս գալիս։ Արդյունքում տվյալների մշակման կենտրոնների սեփականատերերը ստիպված են մաշված բաղադրիչները փոխարինել նորերով։

Հին սարքավորումների ուտիլիզացիայից հետո PFAS-ը մեծ հավանականությամբ հայտնվում են շրջակա միջավայրում՝ բարձրացնելով դրանց՝ սննդային շղթա ներթափանցելու վտանգը։ Մարդու օրգանիզմ ներթափանցելով աղտոտված բուսական և կենդանական մթերքների հետ՝ այս նյութերը կարող են կուտակվել և, ինչպես ենթադրվում է, կապ ունենալ առողջության մի շարք լուրջ խանգարումների հետ։