Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը արհեստական բանականության ապագային նվիրված գագաթնաժողով է անցկացրել Թագավորական հիմնադրամի կենտրոնակայանում՝ Dumfries House-ում։ Բրիտանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարից դատելով՝ գագաթնաժողովին հրավիրված է եղել նաև Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
Չարլզ III-ը աշխարհի տարբեր երկրներից արհեստական բանականության փորձագետների էր հավաքել՝ քննարկելու այդ տեխնոլոգիայի ներդրմանը վերաբերող կարևոր հարցերը և այն հնարավոր վտանգները, որոնք այն կարող է ներկայացնել։
Գագաթնաժողովին ներկա են եղել նաև Nvidia, Google DeepMind, OpenAI և Anthropic ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտոնյաներ և խորհրդարանի նախկին անդամներ։
Հիշեցնենք, որ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը։
Նախօրեին Մեծ Բրիտանիայի թագավորը ԱԲ ընկերությունների ղեկավարներին նախազգուշացրել է տեխնոլոգիայի «էքզիստենցիալ վտանգների» մասին:





























