Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներին նախազգուշացրել է տեխնոլոգիայից բխող «գոյաբանական վտանգների» մասին, եթե այն հայտնվի «սխալ ձեռքերում», հայտնում է BBC News-ը։
Նա այս հայտարարությունն արել է Շոտլանդիայի Այրշիրում գտնվող Դամֆրիս Հաուսում իր կազմակերպած գագաթնաժողովում, որը նվիրված էր այն հարցին, թե ինչպես օգտագործել արհեստական բանականությունը հասարակության բարօրության համար։ Հանդիպմանը մասնակցել են արհեստական բանականության խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ, դրանց թվում՝ Nvidia, OpenAI և Anthropic, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության հարցերով նախարար Կանիշկա Նարայանը և Հռոմի պապի խորհրդականը։
«Այդ տեխնոլոգիաները ստեղծած մարդիկ այժմ ավելի ու ավելի հաճախ նախազգուշացնում են, որ արհեստական բանականությունը կարող է զարգացնել ավելի վտանգավոր հնարավորություններ՝ հնարավոր է՝ ընդհուպ կյանք խլելու ունակություն»,- ասել է Չարլզ III-ը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է շտապ գնահատել այն վտանգները, որոնք կապված են նման տեխնոլոգիաների հնարավոր «աղետալի կերպով» կիրառման հետ։ Թագավորը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել չսահմանափակվել միայն արհեստական բանականության զարգացմամբ, այլ ապահովել, որ այն մնա «մարդկության, հասարակության և բնության ծառայության մեջ»։
Հանդիպման նպատակներից մեկը եղել է ընդհանուր սկզբունքների մի շարք մշակելու հնարավորության քննարկումը, որոնք կարող են սահմանել արհեստական բանականության հետագա կիրառումը։
Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ անվտանգությունը պետք է առաջնահերթ նշանակություն ունենա։ Նրա գնահատմամբ՝ եթե արտադրանքը բավարար չափով անվտանգ չէ, ընկերությունները պետք է հետաձգեն դրա թողարկումը և շարունակեն մշակումները։ Միաժամանակ, Հուանգը հանդես է եկել արհեստական բանականության բաց մոդելների ավելի լայն տարածման օգտին, որպեսզի տեխնոլոգիայի հասանելիությունը չսահմանափակվի առանձին մարդկանցով և երկրներով։
Արհեստական բանականության զարգացման տեմպերի ավելի զգուշավոր գնահատական է տվել DeepMind բրիտանական լաբորատորիայի համահիմնադիր Դեմիս Հասաբիսը. լաբորատորիան հետագայում ձեռք է բերել Google-ը։ Հասաբիսը հայտարարել է, որ ընդհանուր արհեստական բանականությունը՝ համակարգեր, որոնք ունակ են կատարել առաջադրանքների լայն շրջանակ մարդու մակարդակով կամ գերազանցել նրան, հավանաբար կհայտնվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Հասաբիսի գնահատմամբ՝ դրա ազդեցությունը կարող է տասն անգամ գերազանցել արդյունաբերական հեղափոխության հետևանքները։
Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ լուրջ բացասական հետևանքների հավանականությունը «անշուշտ զրոյի հավասար չէ», սակայն կոչ է արել որոնել «ողջամիտ միջին ուղի», որը հնարավորություն կտա միաժամանակ զարգացնել տեխնոլոգիան և նվազեցնել դրա հետ կապված ռիսկերը։
Վերջին ամիսներին հենց ինդուստրիայի ներկայացուցիչները բազմիցս նախազգուշացրել են առաջատար արհեստական բանականության մոդելների հնարավորությունների սրընթաց զարգացման մասին։
Միաժամանակ, քննադատները նշում են, որ ապագայի հիպոթետիկ սպառնալիքների վրա կենտրոնանալը չպետք է շեղի արդեն գոյություն ունեցող խնդիրներից, ներառյալ արհեստական բանականության աշխատանքի բնապահպանական հետևանքները և պետական կարգավորման անհրաժեշտությունը։



























