Ռուսաստանցիների մի մասը փախչում է արտերկիր՝ վկայակոչելով բանակ զորակոչվելու և ազատությունը կորցնելու վախը։ Դրա մասին գրում է The Associated Press-ը։

Ռուսաստանցիների արտահոսքի ծավալները հեռու են 2022 թվականի ցուցանիշներից, երբ պատերազմի առաջին տարում հարյուր հազարավոր մարդիկ փախան։ Ընդսմին, արտերկրում հետապնդումից փրկվող քաղաքացիներին օգնող մի խումբ հայտնել է, որ անցած ամսին մայիսի համեմատ գրեթե ութ անգամ ավելի շատ դիմումներ է ստացել։

Ի տարբերություն 2022 թվականի, երբ բազմաթիվ տղամարդիկ փախչում էին բանակի մասնակի զորակոչից, այժմ սահմանային անցակետերում հերթեր չկան, ինչպես նաև ավիատոմսերի պակաս չկա դեպի առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրներ, մասնավորապես՝ Հայաստան, Վրաստան, Ղազախստան և Թուրքիա։

Մոսկվայում աշխատող ոմն դիվանագետ The Associated Press-ին հայտնել է «այս ամառ հասարակական անհանգստության նկատելի աճի» մասին և մատնանշել «չհաստատված վկայություններ, ըստ որոնց Հայաստանում և հարևան Վրաստանում սովորականից ավելի շատ ռուսաստանցիներ են հայտնվել, որոնք, հնարավոր է, մտավախություն ունեն Դումայի ընտրություններից հետո նոր զորահավաքի առնչությամբ»։