Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին չեղարկել ծագումով ուզբեկ ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ կիրառված պատժամիջոցները այն բանից հետո, երբ, ըստ Ուսմանովի, Ադրբեջան իր վրա ճնշում է գործադրում, քանի որ Բաքուն պահում է Ֆրանսիայի երկու քաղաքացու։ Դրա մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք եվրոպացի դիվանագետներ։
ԵՄ դիվանագետները հայտնել են, որ Ֆրանսիան միացել է Սլովակիային՝ կոչ անելով չեղարկել Ուսմանովի դեմ սահմանված պատժամիջոցները։
Մետալուրգիական և հանքարդյունաբերական մագնատը Եվրոպայում բազմաթիվ հայցեր է ներկայացրել՝ պատժամիջոցների չեղարկումը որպես վերջնական նպատակ ունենալով, իսկ նրա փաստաբանները վիճարկում են լրատվամիջոցներում հնչած այն պնդումները, որոնք օգտագործվել էին որպես պատժամիջոցների հիմք։
Ըստ եվրոպացի դիվանագետների՝ Փարիզը մասնավոր կարգով հասկացնել է տվել, որ Բաքուն Ուսմանովին օգտագործում է «շանտաժի» համար՝ Ադրբեջանում պահվող երկու ֆրանսիացի քաղաքացիների գործի առնչությամբ, որոնցից մեկը, ինչպես պնդում է Փարիզը, կամայականորեն կալանավորված է։ Բաքուն Ֆրանսիայի քաղաքացուն դատապարտել է լրտեսության մեղադրանքով։
Տարածաշրջանի մի շարք այլ առաջնորդներ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ավելի վաղ կոչ էին արել Ուսմանովին հանել ԵՄ պատժամիջոցների ցանկից։
Միևնույն ժամանակ, ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը հերքել է պնդումները, ըստ որոնց Բաքուն ճնշում է գործադրել Ֆրանսիայի վրա՝ Ուսմանովին Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանելու նպատակով։
Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վաղուց լարված են և սրվել են 2023 թվականին, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչը հրահրեց այնտեղ բնակվող 120 հազար էթնիկ հայերի զանգվածային արտագաղթը։ Բաքուն կտրուկ արձագանքեց Հայաստանին ցուցաբերած Ֆրանսիայի ռազմական աջակցությանը։
Ֆրանսիան Ադրբեջանին առնչվող խմբերին մեղադրել է վերջին տարվա ընթացքում ապատեղեկատվական արշավներ իրականացնելու մեջ և հայտարարել, որ Բաքուն ձգտում է անկարգություններ ու անկախության պահանջներ բորբոքել ֆրանսիական Խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիա կղզում։




























