ՌԴ-ից Հայաստան գազի մատակարարումը 10 օրով ընդհատած տեխնիկական աշխատանքներն առիթ են դարձել Մոսկվայից էներգետիկ կախվածության կրճատման շուրջ քննարկումների համար։ Այդ ուղղությամբ պատրաստ են իրենց ծառայություններն առաջարկել Ադրբեջանում, սակայն նախ հայկական իշխանությունները պետք է գործարկեն «Թրամփի ուղին», գրում է «Независимая газета»-ն։
«ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումները կդադարեցվեն սեպտեմբերի 15-25-ը», հայտարարել են «Գազպրոմ Արմենիա»-ում։ «Պլանային կանխարգելիչ և համալիր...» աշխատանքների հետ կապված՝ ընկերությունը նշում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում սպառողներին գազի անխափան և հուսալի մատակարարումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող բնական գազի հաշվին։
Հայաստանը գրեթե ամբողջությամբ ապահովում է իր պահանջարկը ռուսական գազի հաշվին։ 2025 թվականին «Գազպրոմ»-ը մատակարարել է մոտ 2,7 միլիարդ խմ գազ։ Եվս մոտ 476 միլիոն խմ տարեկան մատակարարվում է Իրանից՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում. Հայաստանը Իրան է մատակարարում էլեկտրաէներգիա, հիմնականում՝ Հրազդանի ՋԷԿ-ում արտադրված, իսկ Իրանը Հայաստան՝ բնական գազ՝ 1 խմ գազի դիմաց 3 կՎտ·ժ հարաբերակցությամբ։ Ռուսաստանը Հայաստան գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177,5 ԱՄՆ դոլար գնով։ Գազի գինն ամրագրված է համաձայնագրում, որը գործում է մինչև 2026 թվականի վերջ-2027 թվականի սկիզբ։
Նշենք, որ տեղի ունեցածում արտառոց ոչինչ չկա։ Օրինակ՝ 2025-ին պլանային աշխատանքներ իրականացվել էին սեպտեմբերի 16-26-ը, իսկ 2024-ի նոյեմբերին մատակարարումները մեկուկես օրով ընդհատվել էին Վրաստանի տարածքում վերանորոգման աշխատանքների պատճառով։ Նման կարճաժամկետ անջատումները վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների շահագործման ընթացքում համաշխարհային ստանդարտ գործելակերպ են և ինքնին չեն վկայում երկրների միջև հարաբերություններում որևէ քաղաքական կամ հիմնարար տնտեսական խնդրի մասին։ Սպառողներին միայն խորհուրդ է տրվում մինչև ցրտերի սկիզբը սովորական կարգով ստուգել իրենց գազային սարքավորումների սարքին լինելը։
Սակայն այս անգամ լուրը մեծ ուշադրություն գրավեց այն պատճառով, որ կանխարգելիչ աշխատանքներից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր է գտնել գազի լրացուցիչ մատակարարներ՝ դրա մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար։
Գազի գների հնարավոր վերանայման թեման ակտիվորեն քննարկվել է 2026 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Մասնավորապես, Պուտինը նշել էր Երևանի եվրաինտեգրման կուրսի անհամատեղելիությունը ԵԱՏՄ-ին նրա անդամակցության հետ, ինչպես նաև հիշատակել էր եվրոպացիների համար գազի գինը։
Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ ներկայիս տեխնիկական դադարը համընկել է Երևանի և Մոսկվայի միջև գազային ոլորտում հետագա համագործակցության պայմանների, ներառյալ գնագոյացման բանաձևի շուրջ բարդ բանակցությունների շրջանի հետ։
Առայժմ Երևանը գազի մատակարարումների դիվերսիֆիկացման շատ տարբերակներ չունի։ Այս պահին Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին անհրաժեշտ կապույտ վառելիքի մինչև 85%-ը։ Եվս 15–20%-ը գալիս է Իրանից՝ հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի դիմաց, սակայն կողմերը քննարկում են ծավալների ավելացումը։ Իր ծառայությունները կարող է առաջարկել նաև Ադրբեջանը։
Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով փոխնախագահ Ազեր Բադամովը Երևանի՝ Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ցանկության մեջ տեսնում է Բաքվի հետ համագործակցության հնարավորություն։ Ըստ նրա՝ ամբողջ անհրաժեշտ ենթակառուցվածքը կարելի է կառուցել «Թրամփի ուղու» երկայնքով։ Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ խոսքը Հայաստանի՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կախվածությամբ փոխարինելու մասին չէ»,- նշվում է հրապարակման մեջ։




























