1979 թվականից ի վեր Գրենլանդիան և Անտարկտիդան կորցրել են 12,5 տրիլիոն տոննա սառույց, ինչը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի մոտ 3,2 սանտիմետր բարձրացման, ասվում է խոշոր գիտական հետազոտությունում։
Գիտնականները պարզել են, որ վերջին տասնամյակներին սառույցի կորուստն արագացել է, հատկապես՝ 1990-ականներից սկսած։
Այդ կորուստների մեծ մասը կապված է օվկիանոսի ավելի բարձր ջերմաստիճանների հետ, որոնց պատճառով սառցադաշտերն ավելի շատ սառույց են թափում ծով, հաղորդում է Euronews-ը։
Հետազոտությունը հիմնված է արբանյակային դիտարկումների վրա, որոնք ընդգրկում են ավելի քան չորս տասնամյակ։ Անտարկտիդայի համար տվյալները հետևվում են մինչև 1979 թվականը, իսկ Գրենլանդիայի համար՝ մինչև 1972 թվականը։
Ստացված տվյալները ցույց են տալիս, որ սառցե վահանները համեմատաբար կայուն են մնացել 1970-ականներին, 1980-ականներին և մինչև 1990-ականները։
Այնուհետև սառույցի կորստի տեմպը սկսեց աճել, իսկ ամենամեծ արագացումը գրանցվել է 2010-ականներին։
«Մենք ակնհայտ միտում ենք տեսնում․ սառցե վահանները կորցնում են գնալով ավելի շատ զանգված, և այդ գործընթացը տասնամյակից տասնամյակ ուժեղանում է»,- ասում է Նորթումբրիայի համալսարանի սառցադաշտերի մասնագետ Ինես Օտոսական։
Նա նշել է, որ այդ փոփոխություններն անմիջականորեն կապված են մոլորակի օդի և օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման հետ։
Կորցրած սառույցի մոտ 84 տոկոսը կապված է սառցադաշտային զանգվածների դեպի օվկիանոս ուժեղացած հոսքի հետ, պարզել են հետազոտողները։
Մակերեսային գործընթացներին բաժին է ընկնում մնացած 16 տոկոսը։ Ավելի տաք ծովային ջուրը քայքայում է սառույցը ներքևից և սառցադաշտերի եզրերից՝ արագացնելով դրանց շարժը դեպի օվկիանոս։
Գրենլանդիայում Յակոբսհավն սառցադաշտը, Օտոսակայի տվյալներով, նահանջում է օրական մինչև 50 մետր արագությամբ։
1979 թվականից ի վեր սառցե ծածկույթի կրճատումը մոտ 3,2 սանտիմետր է ավելացրել ծովի մակարդակի գլոբալ բարձրացմանը։ Գիտնականները նախազգուշացնում են, որ նույնիսկ նման՝ առաջին հայացքից փոքր փոփոխությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ առափնյա շրջանների համար։
Ըստ գնահատումների՝ ծովի մակարդակի բարձրացման յուրաքանչյուր լրացուցիչ սանտիմետրի դեպքում տարեկան երկուից երեք միլիոն մարդ հայտնվում է առափնյա ջրհեղեղների վտանգի տակ։
2020-2023 թվականների միջև սառույցի կորստի արագությունը որոշ չափով նվազել է, սակայն հետազոտողները կարծում են, որ դա կապված է կարճաժամկետ եղանակային տատանումների, այլ ոչ թե երկարաժամկետ միտման փոփոխության հետ։ Նրանք հիշեցնում են, որ սառցե վահանները կլիմայական փոփոխություններին արձագանքում են տասնամյակներ շարունակ, ուստի սառույցի կորուստը կարող է շարունակվել նույնիսկ գլոբալ տաքացումը հաջողությամբ զսպելու դեպքում։




























