Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նոր նախարար Յուն Բյոն Սեի Սեուլում նշանակված առաջին մամուլի ասուլիսը չի կայացել սեքս-սկանդալի պատճառով, որում ներքաշված էր երկրի նախագահի նախկին մամուլի քարտուղարը:  Յուն Բյոն Սեն ակնհայտորեն չի ցանկացել պատասխանել վերջերս պետության ղեկավարի ԱՄՆ կատարած այցի ընթացքում տեղ գտած միջադեպին առնչվող անխուսափելի հարցերին:

Մայիսի 13-ին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն անձամբ ներողություն էր խնդրել իր նախկին մամուլի քարտուղար Յուն Չան Չժունի պահվածքի համար, որը նախորդ շաբաթ սկանդալային պատմության պատճառով ազատվել էր պաշտոնից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հարավային Կորեայի  նախագահի ԱՄՆ կատարած այցի ժամանակ Վաշինգտոնի ոստիկանությունը Հարավային Կորեայի դեսպանատան աշխատակցուհուց բողոք էր ստացել՝ ուղղված մամուլի քարտուղարի դեմ: Վերջինս մեղադրվում էր անպարկեշտ վարք դրսեւորելու համար:

Արդյունքում մամուլի քարտուղարը ներողություն էր հայցել, սակայն սեռական ոտնձգությունների մեղադրանքը չէր ընդունել. «Կարծում եմ, թյուրիմացություն է ծագել մշակութային տարբերությունների պատճառով», - բացատրել էր Յուն Չան Չժունը:

Մամուլի քարտուղարի հետ կապված սկանդալը կարող է եւս մեկ հարված հասցնել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հեղինակությանը, որն այս տարվա փետրվարից է պաշտոնավարում: Նախորդող երեք ամիսներին կառավարությունում տեղ գտած սկանդալների պատճառով արդեն աշխատանքից հեռացվել էին պաշտպանության նախարարն ու արդարադատության փոխնախարարը: