Ես չեմ ցանկանա ընտանեկան հարցերը մտցնել քաղաքական դաշտ, պարոն Քոչարյանն ունի իր հայացքները, որը կատարում  է իր ուղղությամբ ճիշտ, ես` իմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին  Վոլոդյա Բադալյանը:

Մեր հարցին, թե ձեր համար առաջնահերթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր լինե՞լն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հետ խնամի լինելը,  ում հաճախ կապում են ԲՀԿ-ի հետ, նա պատասխանեց. «Ես չեմ ցանկանա ընտանեկան հարցերը մտցնել քաղաքական դաշտ, պարոն Քոչարյանը ունի իր հայացքները, որը կատարում  է իր ուղղությամբ ճիշտ, ես տեղյակ չեմ` ԲՀԿ-ին, թե մյուսին. իսկ ես` իմ, վերջ»,-ասաց նա:

Ի դեպ, Վոլոդյա Բադալյանը մեր հետ զրույցում կրկին հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե մայիսի 5-ի ընտրության օրը ինքը քվեարկել է, իր քվեաթերթիկը ընկել է հատակին եւ դիտորդը նկատել է, որ նա քվեարկել է ԲՀԿ-ի օգտին: Նա ցանկանում է դիմել եւ վերցնել 4/14 տեղամասում տեսախցիկների ձայնագրության օրինակը: «Ես գնացել եմ ժամը 6-ի կողմը, շատ խախանդ, նորմալ, ոչ ոք չկար, մտել եմ խցիկ, վերցրել եմ, քվեարկել եմ, դրել եմ ծրարի մեջ, դուրս եմ եկել, հանգիստ գցել եմ այդ տուփի մեջ եւ դուրս եմ եկել, որեւիցե դեպք չի եղել, որ իմ ձեռից ընկնի: Ես ընդհանարապես էդ կարգի խնդիրները «ակուռատնի» եմ լուծում, քվեարկում եմ, գցում եմ, ո՞նց կարող է պատահել իմ ձեռից ընկնի, եւ հետաքրքիր պատմություն, ինչ-որ մի դիտորդ ընկած տեղը, հեռվից նայել է, տեսել է, թե ում է քվեարկել, նման բան չի եղել: Ես հիմա ուզում եմ նայել, այդտեղ տեսախիցկներ կան, պատճեն վերցնեմ»: Պատգամավորը ամեն դեպքում չբացահայտեց, թե ում օգտին է քվեարկել`ԲՀԿ-ի՞, թե՞ ՀՀԿ-ի: «Դա արդեն իմ խնդիրն է, քվեարկությունը ունի օրենքով գաղտնիություն»,-նշեց նա: Դիտարկմանը, թե գոնե կասեք, թե հանուն ինչի եք քվեարկել, նա հակադարձեց. «Ես որեւիցե մի անգամ ես իմ ուղղությունները չեմ խախտում, ես սխալներ թույլ չեմ տալիս»:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրում է, թե մայիսի 5-ին խախտվել է ՀՀԿ ֆրակցիայի անդամ, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի քվեարկության գաղտնիությունը: «Նա 4/14 ընտրատեղամասում վերցրել է  քվեաթերթիկը, մտել ընտրախուց, քվեարկել, բայց այն պահին, երբ ցանկացել է ծալել թերթիկը՝ ծրարի մեջ դնելու համար, այն ձեռքից սահել-ընկել է, մոտակայքում կանգնած դիտորդը տեսել է, որ քվեարկված թերթիկը ԲՀԿ-ի օգտին է: Բադալյանը հանգիստ վերցրել է թերթիկը, դրել ծրարի մեջ»,- գրել է թերթը: