Այսօրվա դրությամբ ռուս-ամերիկյան հարաբերությունները բնութագրվում են որպես «սառը խաղաղություն»: Այդ մասին այսօր՝ մայիսի 14-ի մամուլի ասուլիսում ասաց Diplomat.am կայքի ղեկավար, դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ 1933թ.  ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի, իսկ այնուհետեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ  դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց հետո դրանք զիգզագաձեւ են զարգացել: «Ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հայրենական մեծ պատերազմի  տարիներին», - ընդգծեց նա՝ հավելելով, որ հենց այդ մակարդակի մասին էր օրերս խոսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ ցանկություն հայտնելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները  կրկին այդ մակարդակի հասնեն:

Արման Նավասարդյանի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում «սառը խաղաղությունը» ծագեց առաջին հերթին Սիրիայի հետ կապված: 

«Սիրիան երկկողմ  հարաբերությունների Գորդյան հանգույցն է: Այնուհետեւ հաջորդում են Իրանը, Հյուսիսային Կորեան, միջազգային տեսանկյունից ոչ պակաս կարեւոր դեր ունի ԱՄՆ-ի հարաբերությունների գործընթացը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ», - ասաց Diplomat.am-ի ղեկավարը:

Արման Նավասարդյանը նաեւ հավելեց, որ երկկողմ  հարաբերություններում լարվածությունը կապված էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի անդամակցության հետ:

 «Եվ ամենակարեւոր հարցը, որի շուրջ միշտ կրքեր են բորբոքվել, Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից հակաօդային համակարգի տեղակայումն էր, այսինքն՝ Ռուսաստանի սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնումը», - նշեց դեսպանը՝ ընդգծելով, որ Քերրիի Մոսկվա կատարած այցի առաջին դրական նշանն այն էր, որ ԱՄՆ-ն դադարեցրեց ՀՕՊ ծրագրի չորրորդ փուլը: «Դա շատ կարեւոր քայլ էր, ինչին ռուսական կողմը եւս ուշադրություն դարձրեց», - ամփոփեց Նավասարդյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am