Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը մայիսի 14-ին օրինագիծ կներկայացնի երկիրը Եվրամիությունից հանելու հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ: Վարչապետը, ստանալով ԱՄՆ նախագահի հավանությունը, կփորձի հաշտեցնել իր քաղաքական հակառակորդներին, որոնք դեմ են նրա՝ ԵՄ-ին իր ներքին քաղաքականությունը վերանայելու եւս մեկ հնարավորություն ընձեռելու ծրագրին, հայտնում է Independent-ը:

ԱՄՆ-ն դեմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռանալուն, այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ էր հայտնել Քեմերոնի հետ համատեղ ասուլիսում:

 «ԵՄ-ին անդամակցությունն աշխարհում երկրի ազդեցության եւ դերի դրսեւորումն է, Մեծ Բրիտանիան պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի իր հարաբերություններն ամրապնդի ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ընդհանրապես կազմակերպության հետ»,- նախագահի խոսքերն է մեջբերում Guardian-ը: Իր հայտարարություններով  Բարաք Օբաման հասկացրել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի դիրքերի եւ այն ազդեցության ամրապնդման հարցում, որով նա կարող է ազդել այլ երկրների վրա:

Թեեւ անջատողական հայտարարություններին, Քեմերոնը բնավ չի ձգտում Մեծ Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից: Նա շահագրգռված է ԵՄ-ի հիմնովին վերակազմավորվելու հարցում՝ այն ավելի բաց եւ ճկուն դարձնելու նպատակով:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերելու հանրաքվեի հարցով քվեարկությունը  կկայանա այս շաբաթ՝ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2017 թվականին: