Բոլոր ավիաընկերություններն էլ, այդ թվում՝ դեպի Հայաստան չվերթներ իրականացնող օտարերկրյա ոչ ռեզիդենտ ավիաընկերությունները պետք է հարգեն Հայաստանի օրենքները եւ չխախտեն մրցակցության կանոնները; Այդ մասին այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է սկսել ավիացիայի ոլորտում մրցակցության խնդիրների բացահայտման նպատակով, հիմնվելով որոշ ավիաընկերությունների կողմից գների թանկացման մամուլում տեղ գտած հրապարակումների վրա: Այսօր ավիաընկերությունների ներկայացուցիչները հրավիրվել էին ՏՄՊՊՀ քննարկումների եւ բացատրություններ տալու:

Ա. Շաբոյանն ասաց, որ եթե ավիաընկերությունների կողմից գների անհիմն բարձրացումներ լինեն, ապա տվյալ ավիաընկերությունը կենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, օտարերկրյա ավիաընկերություն է, թե՝ ոչ: Ոչ ռեզիդենտ ավիաընկերություններին սակայն ավելի շատ ժամանակ է տրվել՝ գնային փոփոխությունների վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու; Միեւնույն ժամանակ՝ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Արմավիայի» շուկայից դուրս գալուց հետո գների փոփոխություն տեղի է ունեցել ոչ բոլոր ուղղություններով, քանի որ «Արմավիան» ոչ բոլոր ուղղություններով ուներ կանոնավոր չվերթներ:

Ավիաընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ գարնան ամիսներին սովորաբար տեղի է ունենում գների կարճաժամկետ բարձրացում՝ սեզոնայնության գործոնով պայմանավորված; «Ուկրաինական ավիաուղիների» ներկայացուցիչ Տիգրան Աչոյանը նշեց, որ 2011 թ. եւ 2012 թ. «Արմավիան» էապես կրճատել է իր չվերթները եւ մրցունակ մնացել միայն Երեւան-Մոսկվա գծում: Այդ պատճառով, ըստ նրա, «Արմավիայի» շուկայից դուրս գալն իրենց գործունեության վրա որեւէ ազդեցություն չի թողել:

«Իրան ավիա» ընկերության ներկայացուցիչ  Արարատ Մուրադյանը նշեց, որ «Արմավիան» 1 օրում կորավ շուկայից», ինչն անորոշություն է ստեղծել: Հայտնի չէ՝ արդյո՞ք «Արմավիան» վերսկսելու  է թռիչքները, իրանական ավիաընկերությունը ռազմավարական ծրագրեր մշակելու առումով անորոշությունների մեջ է: