ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Մոսկվա տարակուսանք է առաջացրել դիտորդների շրջանում, մասնավորապես ամերիկյան կողմից, որն ավելի ոգեւորված էր այցի արդյունքներից, քան ռուսական կողմը: Այդ մասին, այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Diplomat.am» կայքի ղեկավար, դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, լիովին հետաքրքիր եւ կարեւոր հանգամանք է այն, որ Ջոն Քերրիին ընդունել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ոչ միայն ընդունել է, այլեւ գովել է հետագա հարաբերությունների կապակցությամբ: «Պուտինը խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումների մասին: Մասնավորապես առաջին հանդիպումը կայանալու է Հյուսիսային Իռլանդիայում մեկ ամսից` «Մեծ ութնյակի» շրջանակներում, սեպտեմբերին կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում, իսկ երրորդը` հոկտեմբերին Ինդոնեզիայում»,- նշել է Արման Նավասարդյանը: Նա նաեւ հավելել է, թե հանդիպումների ընթացքում քննարկելու են օրակարգային հարցերը, եւ առաջին հերթին Սիրիան:

«Սիրիայի հարցում ամերիկյան եւ արեւմտյան դաշինքը հանդես են գալիս Բաշար Ասադին տապալելու համար սիրիական ընդդիմությանը զենք հատկացնելու օգտին: Մոտիվացիան այն է, որ Սիրիայում կա քիմիական զենք»,- ասել է դիվանագետը` հիշեցնելով, որ ՄԱԿ Հանձնաժողովը Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի օգտագործման հետքեր չի հայտնաբերել:

Ըստ Նավասարդյանի, այդ ամենն ամերիկյան դիվանագիտական եւ հետախուզական խաղ է` միտված ռազմական գործողություններին իր ակտիվ միջամտությունը կանխելուն: «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանար միջամտել, իրենց որեւէ դրդապատճառ պետք չէր  լինի: Բոլորին է հայտնի ամերիկյան ձեռագիրը»,- ասել է նա:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am