Մայիսի 12-ին տեղացած կարկուտը Արմավիրի մարզում լրջորեն վնասել է 40 համայնքների հողատարածքներ` մոտ 15-16 հազ. հա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով` մյուս մարզերում եւս եղել են վնասներ, սակայն դրանք համեմատելի չեն Արմավիրի մարզի կորուստների հետ, ուստի կառավարությունը քննարկելու է միայն Արմավիրի մարզի համայնքներին օգնություն տրամադրելու հարցը:
Այդ նպատակով ստեղծվել են մարզային եւ համայնքային հանձնաժողովներ, որոնք հատուկ ձեւաթղթերի վրա լրացնում են տուժած գյուղացիների անունը, հողատարածքը, գյուղատնտեսական կուլտուրայի տեսակն ու վնասի չափը: Արդյունքները կամփոփվեն հանրապետական հանձնաժողովում, ու դրա հիման վրա կարվեն առաջարկություններ: Գ. Պետրոսյանի խոսքով` հանձնարարվել է տեղերում արագացնել աշխատանքները:
Հակակարկտային կայանների աշխատանքի հետ կապված Գ. Պետրոսյանը, հիմնվելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանի տեղեկությունների վրա, ասաց, որ կարկտաբեր են եղել 2 հզոր ամպ` 1-ը մեծ, մյուսը համեմատաբար փոքր: Հակակարկտային կայաններն աշխատել են, սակայն արդյունավետությունը մեծ չի եղել, քանի որ կարկտաբեր հոսքը շատ հզոր է եղել: Ըստ Գ. Պետրոսյանի` մասնագետները դեռ պետք է լրջորեն քննարկեն, թե հակակարկտային կայաններն ինչ ինտենսիվությամբ, ժամկետում եւ հաճախականությամբ են աշխատել:




























