«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը այսօր` մայիսի 14-ին թույլատրվել են առեւտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» ազատ շուկայի հարթակում եւ ընդգրկվել են Cbond շուկայում: Այդ մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայից:

Թույլատրվել են նաեւ նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:  Այս թողարկումն ներառում է 100 հազ. դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով եւ 9.3647% տեղաբաշխման եկամտաբերությամբ 10,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB5 բորսայական հապավմամբ:

Սա Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի արդեն հինգերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին երեք թողարկումները 2011-2012թթ. տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առեւտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետեւ, համապատասխանաբար, մարվել եւ դուրս եկել բորսայական շրջանառությունից: Պարտատոմսերի չորորդ թողարկումը թույլատրվել է առեւտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 16.12.2012թ.-ին եւ շրջանառվելու է մինչ 16.06.2013թ.: