Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կարծես կայացել է որոշակի փոխզիջում, ընդ որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս խնդրի ոչ ուժային մեթոդներով լուծման օգտին, ինչը չեն ուզում ամերիկացիները: Այդ մասին մայիսի 14-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Diplomat.am» կայքի ղեկավար, դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, հունիսի սկզբին այդ հարցով խորհրդաժողով անելու որոշումը դարձել է անցած տարի Ժնեւի կոմյունիկեի շարունակությունը: «Համաձայնություն է ձեռքբերվել երկու հիմնական ասպեկտներով. Սիրիայում խնդիրը լուծել խաղաղ եղանակով եւ պահպանել տարածքային ամբողջականությունը»,- նշել է Արման Նավասարդյանը` ընդգծելով, թե ռուսական կողմը փաստացի չի հրաժարվել Սիրիա զենք առաքելուց:

Դեսպանը նշել է, որ եթե Պուտինը պայքարում է երկբեւեռ աշխարհակարգի վերականգնման համար, ապա ԱՄՆ-ը ցանկանում է վերափոխել ողջ տարածաշրջանը, եւ դրա հիմքում, իհարկե, նավթն է: