ԱՄՆ-ի իշխանություններն ընդունել են, որ ռուսական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված Ռայան Ֆոգլը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից է: Պետդեպի ներկայացուցիչներն այլեւս ոչինչ չեն ասել:
«Մենք կարող ենք հաստատել, որ Մոսկվայում մեր ներկայացուցչության աշխատակիցը կարճ ժամանակով ձերբակալվել է, իսկ հետո բաց թողնվել: Մենք տեսել ենք ռուսական ԱԳՆ-ի հայտարարությունը, սակայն տվյալ պահին ոչ մի մեկնաբանություն չունենք», - հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը, հաղորդում է «Առաջին ալիքը»:
Միաժամանակ, միջադեպը լայն արձագանք է գտել ամերիկյան մամուլում: Լրատվամիջոցները կարծում են, որ այդ դեպքը թարմացրել է սառը պատերազմի հիշողությունները:
New York Times-ը հարցադրում է կատարում, թե ինչպես է ԱՄն-ն կարողացել Մոսկվա լրտես ուղարկել` նրան զինելով կողմնացույցով, քարտեզով, հին բջջային հեռախոսով եւ կեղծամների հավաքածուով:
Ըստ Wall Street Journal-ի լրագրողների` Ֆոգլի ձերբակալությունն ավելի շուտ կատակերգություն է հիշեցնում, քան լրտեսական թրիլլեր: Հրատարակչությունը նշում է, որ փորձագետների մոտ խիստ կասկածներ են առաջացնում կապի մեթոդները` սովորաբար լրտեսներն ավելի անվտանգ միջոցներից են օգտվում, այլ ոչ թե Gmail-ից: Փոստի լեզուն էլ խիստ «կատակերգական եւ մուլտֆիլմային է»:
Եվս մեկ տարօրինակություն է նշում AFP-ն, որն ուշադրություն է դարձնում 1 միլիոն դոլար գումարի անիրական լինելուն. ԿՀՎ-ն «երբեք միլիոն դոլարից պակաս չէր ծախսի, այն էլ ռուսական հետախուզության տեղակալի վրա»:
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական բաժանմունքում երրորդ քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Ռ. Ֆոգլը ձերբակալվել էր մայիսի 14-ի գիշերը` ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից: Նրա մոտ հայտնաբերել էին խոշոր քանակությամբ գումար, դանակ, նաեւ գրավոր հրահանգներ, որոնցում համագործակցության համար ամերիկացուն առաջարկում էին 1 միլիոն դոլար:




























